Posted in Հասարակագիտություն, Հոդվածներ, Պատմություն, Վերլուծություններ, Փոքրիկ թարգմանություններ, Քաղաքագիտական ակումբ, ամբողջ աշխարհը, Անգլերեն, նյութեր

Կարծիք | Ուղղված Բաքվի Ռազմական Ավարի Պուրակի պաշտպաններին | Ջավիդ Աղա

Իլհամ Ալիևը Բաքվի Ռազմական Ավարի պուրակում, հայ զինվորների սաղավարտների ֆոնին

Բաքվում վերջերս բացված Ռազմական Ավարի պուրակը ամոթալի դրսևորում է, որ ոչ մի օգուտ չի տալու հասարակ ադրբեջանցիներին։ Նույնիսկ պուրակի պաշտպանները, պուրակի գոյությունը արդարացնելու համար, ստիպված են լինում հիմնվել սխալ և անվայել համեմատությունների վրա։

Ապրիլի 12-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև 44 օրյա պատերազմից գրեթե 5 ամիս անց, իշխանության հովանու ներքո և մեծ լուսաբանում ստացած նախագահ Իլհամ Ալիևի այցով Բաքվում բացվեց Ռազմական Ավարի պուրակը։

Մինչդեռ որոշ ադրբեջանցիներ դատապարտեցին այս պուրակը, այն անվանելով ոչ քաղաքակիրթ, թվում է թե շատերը ողջունեցին այն, որպես Ադրբեջանի, թշնամուն տարած, հաղթանակի դրսեւորում։

Բայց նմանատիպ ջատագովների փաստարկները ոչ միայն ապատեղեկատվական են և ապակողմնորոշիչ, այլև դրանք լիովին մոլորեցնում են շարքային ադրբեջանցիներին, ովքեր շահելու ոչինչ չունեն այս պուրակից կամ հայերի հետ շարունակական թշնամությունից:

Հայ զինվորներին պատկանած տասնյակ սաղավարտերի ցուցադրությունը, ինչպես նաև հայկական զորքերին կանխամտածված տգեղ և թուլամորթ ցույց տվող մոմե արձանները ոչ միայն մարդասիրական չեն, այլև ավելորդ:

Պուրակի պաշտպանները փորձել են արդարացնել սա պնդելով որ նմանատիպ պուրակներ կամ թանգարաններ կան Եվրոպայով մեկ, որոնք նույնպես ցուցադրում են թշնամական զորքերի համազգեստներ և սաղավարտներ։ Այս համեմատությունը, սակայն, չի դիմանում նույնիսկ ամենապարզ մակարդակի քննադատության։

Նախ, այստեղ փաստական սխալ կա — այն ռազմական թանգարանները, որոնք հիշատակում են վերոհիշյալ պուրակի պաշտպանները, համազգեստները, սաղավարտները, հրացանները և այլ առարկաները ցուցադրում են չեզոք ձևով, առարկաները, գտածոները ցույց տալու ինչպես նաև այցելուներին առաջնագծում գտնվող մարտիկների վիճակը ներկայացնելու համար։ Այս ռազմական թանգարանները անհեթեթ մոմե արձաններով թշնամական զինվորներին չեն նվաստացնում։

Օրինակի համար, Բրիտանական Կայսերական ռազմական թանգարանը հավաքում է «առարկաներ և պատմություններ» ՝ նպատակ ունենալով «պատկերացում կազմել պատերազմում գտնվող մարդկանց կյանքի մասին»: Նույն կերպ, Բելգիայի Զինված Ուժերի և Ռազմական Պատմության Թագավորական թանգարանը նպատակ ունի նպաստել մեր «ռազմական պատմության մասին գիտելիքներին» և «խրախուսում է ռազմական պատմության և ժառանգության վերաբերյալ գիտական հետազոտությունները»:

Կարող եմ շարունակել և հիշատակել այլ ռազմական թանգարաններ օտար, մասնավորապես Եվրոպական երկրներից, որոնք օգտագործվել են (հոդվածի անգլերեն տարբերակում այստեղ օգտագործվում է (ab)used եզրույթը, որը չարաշահել և օգտագործել բառերի մեջ բառախաղ է) Ավարի պուրակի որոշ ադրբեջանցի պաշտպանների կողմից, սակայն կարծում եմ, որ միտքս արդեն հասկանալի եմ դարձրել — այս ջատագովների փաստարկները թյուր են։

Երկրորդը, Բաքվում գտնվող Ռազմական Ավարի պուրակը ընդհանրապես ռազմական թանգարան չէ։ Այն բառացիորեն ավարի պուրակ է։ Այգու կայքը հստակ հայտարարում է այգու նպատակը. «ցուցադրել ռազմաճակատում զավթիչ Հայաստանի պարտության արդյունքում ադրբեջանական հաղթական բանակի նվաճած ավարը»։

Այսպիսով Ավարի պուրակը նույնիսկ չի ձևացնում թե հետապնդում է նույն նպատակները ինչ ջատագովների կողմից հիշատակվող ռազմական թանգարանները։ Այն ցուցադրության է հանում Ադրբեջանի բանակի կողմից զավթած ռազմական սարքավորումները և նվաստացնում է հայ զինվորներին։

Բացի այդ, ըստ Իլհամ Ալիևի նախագահական հրամանագրի, Բաքվում կբացվի նաև Հաղթանակի նոր թանգարան ` «Մեծ հայրենական պատերազմում (44 օրյա պատերազմում) ադրբեջանական ժողովրդի անօրինակ հերոսության և պատմական մեծ հաղթանակի,մեր նահատակների հիշատակը հավերժացնելու նպատակով»: Սա բացահայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները նախորդ թանգարանը բացել էին բացառապես հայերին նվաստացնելու համար և վերջինն էլ բացելու են ադրբեջանցի զինվորներին փառաբանելու համար։

Այս առումով իշխանությունները շատ ավելի անկեղծ են քան անպաշտպանելի պուրակի պաշտպանները։

Երրորդը, և ամենակարևորը, նույնիսկ եթե այլ երկրներում եղել են ռազմական թանգարաններ, որոնք իրենց թշնամուն նվաստացնելու և ապամարդկայնացնելու նպատակ են ունեցել, սա դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը պետք է կրկնի նույն սխալը։ Ուրիշների սխալները չեն արդարացնում և չեն կարող արդարացնել մերը։

Բաքվի Ռազմական Ավարի պուրակը դատապարտելի է որովհետև այն ապամարդկայնացնում է թշնամուն — այսինքն հայ զինվորներին։ Եթե պուրակը ցուցադրեր ադրբեջանցի և հայ զինվորների կողմից օգտագործված համազգեստները, սաղավարտները, հրացանները և այլ ռազմական սպառազինությունները չեզոք ձևով, դրանք այցելուների համար պատերազմական պայմանները բացահայտող գտածոներ ներկայացնելով, չեմ կարծում, որ դատապարտման կարժանանար։

Պատերազմի ետևում ընկած հիմնավորումը «գրավյալ» տարածքները վերադարձնելը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն էր։ Երկար տարիներ ադրբեջանցի պաշտոնյաները, մասնավորապես հենց ինքը Իլհամ Ալիևը կրկնում էր, որ Ադրբեջանը հայերին որպես թշնամի չի ընկալում, և որ նա միայն ձգտում էր վերահսկել իր միջազգայնորեն ճանաչված տարածքները և ապահովել, որ ներքին տեղահանված ադրբեջանցիները վերադառնան իրենց տներ և խաղաղ ապրել տեղի հայերի հետ, ինչպես խորհրդային ժամանակներում էր։

Եթե ադրբեջանական իշխանությունները անկեղծ լինեին իրենց խոստացված նպատակի առաջ, նրանք չէին նպաստի երկու ժողովուրդների միջև ներկա թշնամությանը։ Հստակ տարածքի համար մղվող պատերազմին որպես երկու ցեղերի միջև արյան վրեժի վերաբերվելը շարունակելու է խթանել մահաբեր ազգայնամոլությունը, որն էլ իր հերթին խաթարելու է հայերի և ադրբեջանցիների միջև իրական համակեցության ցանկացած հնարավորություն։

Ի՞նչ օգուտ է տալիս այս պուրակը։ Ի՞նչ օգուտ են հասարակ ադրբեջանցիները քաղում դրանից։ Շատ ջատագովներ պնդում էին, որ քանզի Ադրբեջանը տարածքներ և հազարավոր կյանքեր է կորցրել Առաջին Արցախյան պատերազմում, այդ պուրակը պատշաճ վրեժի դրսևորում է։

Պետք է լիովին կարճատես լինել `չտեսնելու համար, որ նման մոտեցումը միայն ավելի շատ բախումներ և ավելի շատ արյունահեղություն կառաջացնի: Սովորական ադրբեջանցիները, ովքեր ստիպված էին փախչել իրենց տներից կամ կորցրել են իրենց սիրելիներին առաջին արցախյան պատերազմում, ոչ մի օգուտ չեն ստանալու «վրեժխնդրությունից» կամ այս այգուց:

Ես նաև կասկածում եմ` թե պուրակը հարմարավետ կամ մխիթարական կլինի նրանց համար, ովքեր կկորցնեն իրենց սիրելիներին, եթե հակամարտությունը շարունակվի: Վրեժը` ցանկացած գնով, երեխայական ու չնչին բան է, և կարող է ծանր գին ունենալ։

 Պուրակի բացումը նաև մերկացրեց ադրբեջանցի շատ մտավորականների և հասարակական գործիչների բարոյական անկումը, ովքեր հրաժարվեցին ոչ միայն խոսել ավարի պուրակի դեմ, այլ նաև Ադրբեջանի կառավարության շատ այլ գործողությունների դեմ, որոնք վառոդ էին հանդիսանում հայերի և ադրբեջանցիների միջև թշնամության համար։

 Լեռնային Արցախի համար տարվող պատերազմը պատերազմ էր երկու երկրների միջև, ցեղային արյան վրեժ (ֆեոդ) չէր։ Դրան վերջինիս պես վերաբերվելը խեղաթյուրում է իրողությունը և անուղղակիորեն կամ բացահայտորեն յուղ է լցնում ապագա վրեժխնդրության և վայրագության շրջապտույտի վրա։

Ռազմական Ավարի Պուրակը Բաքվում այնպիսի մի բան է, որից ցանկացած ադրբեջանցի, ով սիրում է իր երկիրը, և ուզում է խաղաղություն, ամոթ պետք է զգա։

Թարգմանությունը` Արեգ Սերոբյանի

«Բաց Կովկաս Մեդիա» լրատվական հարթակի կայքում հրապարակված ադրբեջանցի բլոգեր, ակտիվիստ և լրագրող Ջավիդ Աղայի հոդվածը:

Հոդվածի բնագիրը` այստեղ

Մեկնաբանի՛ր...

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.