Posted in Հայրենագիտություն, Պատմություն, ես գիտեմ..., նյութեր

Պատմական հարցաշար Կիլիկիայի մասին

Կիլիկիայի Սիս մայրաքաղաքը

1. Որտե՞ղ է Կիլիկիան եւ աշխարհագրական ի՞նչ շրջանների է բաժանվում:

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավ արեւելյան շրջանում, պատմականորեն այն բաժանվում է երեք աշխարհագրական շրջանների` Դաշտային Կիլիկիա, Լեռնային Կիլիկիա, Քարուտ Կիլիկիա։ Լեռնային Կիլիկիան երկրամասի հյուսիս-արեւելյան հատվածն է եւ կապվում է Միջերկրական ծովին Դաշտային Կիլիկիայի միջոցով (հարավ-արևելքում)։ Դաշտային Կիլիկիան ծովի մակարդակից գտնվում է 150-200 մետր բարձրության վրա եւ ամբողջ աշխարհում ամենաարգավանդ հողերից է։ Երրորդ երկրամասը` Քարուտ Կիլիկիան, երկրի արեւմտյան հատվածն է, կոչվում է այդպես, քանի որ լիքն է ժայռերով ու բլուրներով։


2. Ե՞րբ է Կիլիկիայում մեծացել հայերի թիվը, այլ ի՞նչ ազգեր էին ապրում Կիլիկիայի տարածքում:

Հայերի թիվը Կիլիկիայում 10-րդ դարում զգալի թիվ էին կազմում, իսկ արդեն 11-րդ դարի կեսերին հայերը մեծամասնություն էին կազմում շատ քաղաքներում ու ավաններում։ Հայերի Կիլիկիայում հաստատվելու պատճառները մի քանիսն էին, նախ Բագրատունյաց թագավորությունը անկման եզրին էր, եւ Բյուզանդիան մաս առ մաս իրեն էր բռնակցում ենթակա թագավորությունները, իսկ տեղի իշխաններին եւ թագավորներին, իրենց ամբողջ շարժական գույքով հանդերձ տեղափոխում Բյուզանդական կայսրության արեւելյան շրջաններ (այդ թվում Կիլիկիա): Մյուս խնդիրն այն էր, որ Բագրատունյաց պետության թուլացմամբ ու կործանումով բուն Հայաստանը գրեթե անպաշտպան էր մնում Սելջուկյան արշավանքների դեմ, իսկ Սելջուկները գնալով սաստկացնում էին իրենց հարձակումները։ Այս պայմաններում շատերը տեղափոխվում են Կիլիկիա, որտեղ արդեն հայերը զգալի թիվ էին կազմում։ Հայերի հետ Կիլիկիայում բնակվում էին նաեւ ասորիներ, հույներ, հրեաներ եւ արաբներ։ 11-րդ դարի երկրորդ կեսից հայերի թիվը կտրուկ աճեց եւ դարավերջին արդեն մեծամասնություն էին կազմում։


3. Ներկայացրեք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական ընթացքը:

Հայերը, որ հաստատվել էին Կիլիկիայում, ձեւավորել էին հասարակական տնտեսական փոխհարաբերությունների համակարգ։ Նրանք զբաղվում էին առեւտրով, արհեստներով ինչպես նաեւ լեռնային արդյունագործությամբ: Տեղում կային հոգեւոր եկեղեցական կյանքը կազմակերպող թեմեր։ Բուն հայրենիքից դուրս ծվարած հայությանը դժվար կլիներ դիմակայել ժամանակաշրջանի քոչվոր ցեղերի մեծ արշավանքներին եթե կազմակերպված եւ միահամուռ չգործեին։ Հենց սա էլ բերում է տարբեր իշխանապետությունների կազմմանը, որոնցից մեկը, Ռուբենի գլխավորությամբ հիմք է դառնում Կիլիկիայում Հայկական պետականության վերականգնման համար։

4. Ի՞նչն առիթ դարձավ Փիլարտոս Վարաժնունու հայկական իշխանության համար, ուրիշ ի՞նչ հայկական իշխանություններ ստեղծվեցին։

Փիլարտոս Վարաժնունին Հռոմեական բանակում էր ծառայում, եւ երբ տեղի է ունենում Մանազկերտի ճակատամարտը Բյուզանդիայի եւ Սելջուկների միջեւ կայսրության դիրքերը բավականին թուլանում են։ Փիլարտոս Վարաժնունին, ինչպես եւ այլ հայ իշխաններ օգտվում են հարմար իրավիճակից եւ ստեղծում տարբեր պետական կազմավորումներ։ Փիլարտոս Վարաժնունին հյուսիսային Միջագետքում ու Կիլիկիայի արեւելքում 1072 թ. հիմնում է իր իշխանությունը, Մարաշ կենտրոնով։ Դրա պաշտպանության մեջ ներգրավված ուժերի մեծ մասը ազգությամբ հայեր էին, եւ հավանաբար հենց սա էլ հնարավորություն է տալիս 12 տարի պաշտպանվել մոլեգնող արշավանքների դեմ։ Նույն տարածքում մեկ այլ իշխանություն է ստեղծում Գող Վասիլը, նա ամրանում է Քեսուն քաղաքում։ Իր իշխանապետությունը ստեղծվում է 1082 թվականին եւ պահպանվում մինչեւ 1117 թվականը։


5. Հայաստանից դուրս ստեղծված պետական կազմավորումներից, ո՞րն էր ամենակենսունակը, ո՞վ եւ ե՞րբ էր այն հիմնադրել։

Կիլիկիայում ստեղծված կազմավորումներից ամենաերկարակյացը Ռուբինյան իշխանությունն է։ Այն ստեղծվել է 1080 թվականին, երբ Ռուբեն իշխանը Բյուզանդացիների դեմ ապստամբություն բարձրացնելով ամրանում է Լեռնային Կիլիկիայի Կոռոմոզոլ բերդում։ Կարճ ժամանակահատվածում ժողովուրդը, բարձրացրած ապստամբությամբ, կարողացավ գրավել Լեռնային Կիլիկիայի զգալի մասը։ Հաստատված իշխանությունը Ռուբենի անունով կոչվեց Ռուբինյան։ Ռուբենին 1095 թ. փոխարինեց որդին` Կոստանդին I-ը, ով իշխեց մինչև 1100 թվականը։ Հորից որդուն իշխանության փոխանցմամբ հիմք դրվեց նաև ժառանգական իշխանության ձևին։ Կոստանդինի և հաջորդ Ռուբինյանների օրոք Կիլիկյան պետության սահմանները ավելի ընդարձակվեցին։ Ռուբինյան իշխաններն ու թագավորը (Լևոն II Մեծագործ Ռուբինյան) իրենց իշխանության օրոք պաշտպանեցին Կիլիկիան սելջուկյան, բյուզանդական, խաչակիրների ոտնձգություններից, պաշտպան կանգնեցին հայ եկեղեցուն։


6. Ովքե՞ր էին խաչակիրները եւ ի՞նչ նպատակներ էին հետապնդում։


Խաչակիրները Արեւմտյան Եվրոպական տերությունների ղեկավարների ինչպես նաև Հռոմի պապի կողմից ուղղորդվող խմբեր էին, որոնք արշավում էին Մերձավոր արևելք սրբազան պատերազմով ազատագրելու Սուրբ Երկիրը մահմեդական տիրապետությունից։ Նրանց գլխավոր թիրախը Երուսաղեմն էր, սակայն նրանց արշավանքները միայն դրանով չէր պայմանավորված։ Բյուզանդական կայսրությունը սելջուկների դեմ իրեն պաշտպանելու խնդրանքով էր դիմել Եվրոպային և խաչակիրները գալիս էին նաեւ այդ նպատակով։


7. Ի՞նչ հետեւանքներ ունեցան խաչակրաց արշավանքները Կիլիկիայի համար։

Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ (1097) երկու խաչակրաց բանակ անցան Դաշտային Կիլիկիայով և ձեռնամուխ եղան տեղի քաղաքների նվաճմանը։ Այդ ժամանակ Տավրոսի լեռնանցքները Կոստանդին I-ի հսկողության տակ էր, և խաչակիրները ստիպված են լինում համագործակցել իր հետ։ Խաչակրաց առաջին արշավանքը նաև շեղում է թշնամաբար տրամադրված Իկոնիայի Սուլթանության և Բյուզանդիայի ուշադրությունը Կիլիկիայից։ Հետագա տարիներին խաչակիրների և հայերի միջեւ գլխավոր վեճերը Դաշտային Կիլիկիայի շուրջ էին։


8. Ինչպիսի՞ խաչակրաց պետություններ ստեղծվեցին Մերձավոր Արևելքում։


Շարունակելով իրենց արշավանքը դեպի Ասորիք և Պաղեստին նրանք 1098 թվականին գրավում են Եդեսիա քաղաքը և սպանում տեղի հայ կառավարիչ Թորոս Կուրապաղատին։ Այստեղ նրանք ստեղծում են առաջին խաչակրաց պետությունը` Եդեսիայի կոմսությունը։ Նույն 1098-ին նրանք գրավում են Անտիոքը, որտեղ երկրորդ պետությանն է սկիզբ դրվում, կոչվում էր Անտիոքի իշխանություն։ Կիլիկիան Հայաստանը խաչակրաց պետություններից ամենից շատ շփումներն ու հակադրությունները ունեցել է Անտիոքի իշխանության հետ։ Երրորդ պետությունը խաչակիրները ստեղծում են Երուսաղեմում 1099-ին, դա Երուսաղեմի թագավորությունն էր։ Սկզբնական շրջանում հարաբերությունները խաչակիր պետությունների հետ բարեկամական չէին, սակայն ավելի ուշ շրջանում, մահմեդականների դիրքերի ամրապնդմամբ վտանգը մեծանում է տարածաշրջանի երկու քրիստոնյա պետությունների համար, և Կիլիկիայի ու խաչակիրների միջև նկատվում են դաշնակցային պարտավորություններ իրար հանդեպ։

Մեկնաբանի՛ր...

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.