Posted in English, Հայոց Լեզու, Հասարակագիտություն, Հոդվածներ, Պատմություն, Վերլուծություններ, Փոքրիկ թարգմանություններ, Քաղաքագիտական ակումբ, ամբողջ աշխարհը, ես գիտեմ..., Անգլերեն, Ես կարողանում եմ, նյութեր, Իրավագիտություն

Նիցշե և Միֆեր Ղարաբաղի մասին — մենք առերեսվում ենք «ազատ մարտի» մրցումների` Մոսկվայի սահմանած կանոններով: Ռաուֆ Միրգադիրով

Ֆյոդոր Դոստոևսկի

Իսկական ճշմարտությունը միշտ ճշմարտանման չէ, գիտե՞ք, արդյոք, դա։ Ճշմարտությունը ճշմարտանման դարձնելու համար պետք է անպայման սուտ խառնել դրան։ Մարդիկ միշտ էլ այդպես են վարվել։

Երկրորդ Արցախյան պատերազմից ի վեր իր բոլոր ելույթներում Իլհամ Ալիևը նշում է, որ հակամարտությունը լուծված է։ Նա փորձում է մեզ համոզել, որ Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, փաստացի Հայաստանի կապիտուլյացիան է, և որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը այլևս բանակցության առարկա չէ, և այլևս օրակարգում չի լինելու։ Իր բառերով դա «դիակ» է: Սակայն ոչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, և ոչ էլ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չեն համաձայնվում իր հետ։ Ոմանք կարող են ասել, որ Փաշինյանի կարծիքը չպետք է լուրջ ընկալվի, նրա երգն արդեն երգված է: Իսկ ի՞նչ կասեք Լավրովի ու Մեդվեդևի վերջին հայտարարությունների վերաբերյալ, կարո՞ղ ենք անտեսել նրանց, և ինչ որ ասում են։

Դոստոևսկին իմ ամենասիրելի գրողներից է, գուցեև բացարձակ սիրելին, բայց ես միայն մասամբ եմ համամիտ իր այս մտքի հետ։ Իմ կարծիքով մարդկանց համոզմունքների ու հասարակական-քաղաքական պրոցեսների վրա իր ունեցած ազդեցության տեսանկյունից, ճշմարտությունը նշանակություն չունի։ Այն ինչը ձևավորում է ցանկացած անձի եւ հասարակության կեցվածքը որպես ամբողջություն այն չէ թե ինչ է պատահել իրականում, կամ ինչպես է պատահել, այլ ամենևին այլ բան։

Կոնֆլիկտների լուծման վրա ունեցած ազդեցության առումով ավելի կարևոր է թե ինչն ենք մենք ուզում ընդունել որպես ճշմարտություն և ինչու։ Սա կարելի է ցույց տալ ժամանակակից միտումների օրինակով. Շատ ավելի կարևոր է թե հանրային կարծիքը և մարդկային հոգեբանությունը մանիպուլացնել կարողացող ուժերը ինչն են մեզ վրա որպես ճշմարտություն վաճառում, եւ ինչու։ «Նույնիսկ արևն է կապույտ երևում, եթե նրան կապույտ ակնոցով ես նայում» գրել է Ջալալ ադ-Դին Ռումին։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Այլ կերպ ասած, իրական կյանքում չկա բացարձակ ճիշտ կամ բացարձակ արդարություն։ Գիտեմ, որ կրոնական հավատք ունեցողների մեծ մասը չեն համաձայնի ինձ հետ։ Նրանք հավատում են բացարձակ ճշմարտության գոյությանը։ Իրականում ցանկացած ճշմարտության համար կա մեկ և երբեմն մի քանի հակադարձ ճշմարտություններ, որը ազդում է մեր մտքերի և զգացմունքների վրա, և ստիպում մեզ գործել։ Ցանկացած հակադարձ ճշմարտություն մեկ այլ անձի կամ հասարակության համար բացարձակ ճշմարտություն է համարվում։ Առաջին հայացքից մենք ականատես ենք լինում հակադրվող ճշմարտությունների, արդարության մասին պատկերացումների միջև բախումների։ Փաստացի դա հեքիաթների, լեգենդների եւ առասպելների բախում է, որոնց հավատում են անհատականություններ և հասարակություններ, և որոնց ճշմարիտ լինելը նրանք փորձում են համոզել այլոց։

Եթե իսկապես գոյություն ունենար բացարձակ ճշմարտություն, մարդկային տեսակը վաղուց արդեն գտել էր զարգացման ճանապարհ առանց կոնֆլիկտների։

Հիմա եկեք մոտիկից աչքի անցկացնենք այս ամենի ազդեցությունը Արցախյան հիմնախնդրի լուծման վրա։ Հեքիաթների, լեգենդների եւ առասպելների երկու «դրվածքներ» (set) կան, որոնց մենք (ադրբեջանցիները) և հայերը հավատում, և միջազգային հանրությանը ներկայացնում ենք որպես ճշմարտություն։ Հետաքրքիր է, որ կապ չունի թե միջազգային հանրությունը որ «դրվածքին» է հավատում։ Հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա ազդեցության տեսանկյունից ամենևին այլ բան է կարևոր։ Գլխավոր նպատակը միջազգային հանրության դիրքորոշումը որոշող ուժերի կենտրոններին համոզելն է, որ այս կամ այն լեգենդի, հեքիաթի կամ առասպելի իսկության հանդեպ հավատ դրսևորելը կխթանի նրանց աշխարհաքաղաքական շահերին։ Այս դեպքում, այն ուժերը որոնց մասին խոսում էինք կօգտագործեն իրենց տնօրինման տակ գտնվող բոլոր ռազմական, քաղաքական, օրինական և տեղեկատվական միջոցները ամբողջ միջազգային հանրությանը որոշակի մի լեգենդի ճշմարտացիության մեջ համոզելու համար, նույնն է թե խթանել կոնֆլիկտի ընկալման այն տարբերակը, որը համապատասխանում է իրենց հետաքրքրություններին։ Միայն դրանից հետո է, որ Հայաստանի և Ադրբեջանի նման փոքր պետությունները կարող են հասնել իրենց շահերից բխող լուծումների այն հակամարտությունների մեջ որոնցում ներգրավված են։

Ես այստեղ կուզեի պատմել մի միջադեպի մասին, որ տեղի է ունեցել 1990-ականների վերջերին, որն ինձ պատմել է Ադրբեջանի Հանրապետության նախկին պետքարտուղար Էլդար Նամազովը։ Այդ ժամանակ փորձագետների մեծամասնությունը հավատացած էին, որ միջազգային հարաբերությունների աշխարհը միաբևեռ է լինելու։ Բոլորը Միացյալ նահանգներին էին տեսնում, որպես այն ուժային կենտրոնը, որ ղեկավարելու էր այն։ Դրա պատճառով Հեյդար Ալիևի շրջապատի երիտասարդները փորձեցին նրան համոզել, որ կա Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը ընդլայնելու կարիք։ Ըստ Էլդար Նամազովի, մի օր Հեյդար Ալիևը ուշադիր լսեց նրանց (շատերն են ընդունում, որ այլոց ուշադիր լսելու ունակությունը Հեյդար Ալիևին բնորոշ ունակություններից էր) և ասաց. «Դուք իսկապե՞ս կարծում եք, որ ես չեմ հասկանում, որ Պոլիտբյուրոն այժմ Վաշինգտոնում է»:

Երիտասարդ ընթերցողների համար պետք է նշեմ, որ ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Պոլիտբյուրոն մարմին էր իրական իշխանությամբ, ուր որոշումներ էին կայացվում ամենակարևոր հարցերի շուրջ։ Պոլիտբյուրոն իր հանդիպումներն անցկացնում էր Մոսկովյան Կրեմլում։ Այդ ժամանակ, Կրեմլը մրցում էր Վաշինգտոնի Սպիտակ տան հետ, միջազգային հարաբերությունների վրա ունեցած ազդեցության համար։

Բարեբախտաբար թե դժբախտաբար, չեմ կարող ասել, բայց Միացյալ Նահանգները չդարձավ միաբևեռ աշխարհի միակ ուժային կենտրոն։ Այսօր, ԱՄՆ-ն առաջին և գլխավոր ուժային կենտրոնն է, որ աշխարհակարգի ձևավորման մեջ խոսք ունի, բայց այն միակը չէ։ Այսօր դեռևս կան երկրորդական ուժային կենտրոններ` Չինաստանը և Ռուսաստանը, որոնք հավակնում են Միացյալ Նահանգների հավասար գործընկերներ լինել ապագա բազմաբևեռ աշխարհակարգում։ Ներկայիս ժամանակաշրջանում Չինաստանը և Ռուսաստանը բավականին հաջող են մրցակցել Միացյալ Նահանգների հետ մի շարք հակամարտությունների լուծման հարցում, հատկապես տեղական, տարածաշրջանային մակարդակում:

Միացյալ Նահանգները, որպես գլխավոր գերտերություն, ամբողջ աշխարհը դիտարկում է, որպես իր ազդեցության գոտի։ Այնուամենայնիվ, ելնելով սահմանափակ կարողությունից և ռեսուրսներից, այն հավասարաչափ ազդեցիկ և պատշաճ ներկայացված չէ բոլոր տարածաշրջաններում։ Գոնե հիմա, Չինաստանը չի համարում, որ Հարավային Կովկասն իր ազդեցության գոտում է։ Ռուսաստանը, այնուամենայնիվ, դիտարկում է Հարավային Կովկասը, որպես իր ավանդական ազդեցության գոտի, և ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ մրցելու կարողություն և ցանկություն: Եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում համընկնեին, Արցախյան հակամարտությանը ամբողջական կամ երկարաժամկետ լուծում գտնելը բարդ գործ չէր լինի։ Սակայն խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքականության մեջ նրանց շահերը ոչ միայն չեն համընկնում, այլ ես նաև կասեի, որ հակասում են իրար։ Հետեւաբար, այս ուժային կենտրոններից մեկի կողմից հակամարտությունը լուծելու ցանկացած փորձ հակադրվելու է մյուս կենտրոնին։ Մի գուցե ցինիկ հնչի, բայց տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր ունեցող տերությունների և առհասարակ ներկայիս աշխարհակարգի առումով նշանակություն չունի, թե որոնք են հակամարտության կողմերի շահերը կամ նրանցից ով է ճիշտ: Միայն ուժային կենտրոնների շահերով է որոշվում թե հակամարտության որ կողմի առաջարկված լեգենդին են նրանք հավատալու, և ընդունելու որպես ճշմարտություն։ Սա բացատրում է հակամարտող կողմերի ճշմարտության և արդարության համար միջազգային հանրությանն արված կոչերը։ Սա խաղի կարևոր մաս է, քանի որ արդարության պատկերի ստեղծումը հակամարտության կողմերի և միջազգային հանրության համար հակամարտության այս կամ այն լուծումը ընդունելի դարձնելու գործընթացի շատ կարևոր տարր է: Բայց հակամարտության կողմերի համար և՛ ծիծաղելի է, և՛ վտանգավոր է այս կոչերին ու դիմումներին ի պատասխան արդարություն ակնկալել և հավատալ, որ դա հնարավոր է: Աշխարհաքաղաքական ուժերը հետաքրքրված չեն արդարությամբ, այլ թե որտեղ և ինչ կշահեն նրանք հակամարտության լուծումից կամ շարունակումից։ Այլ կերպ ասած, նրանց հետաքրքրում է թե ինչ կարող ենք մենք առաջարկել հակամարտության լուծման դիմաց։ Մեզ գերեվարած առասպելները, հեքիաթները և լեգենդները մեզ թույլ չեն տալիս առերեսվել և ընդունել դառը, անխուսափելի իրականությունը։ Որոշ դեպքերում դա կարող է տանել ողբերգության։

ՊԵՏՔ Է ՄԵԶ ԱԶԱՏԵՆՔ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԻՑ

«Կարևորագույն» առասպելները, որոնց և ադրբեջանցիները և հայերը հավատում և համոզում են ուրիշներին, պատմական են։ Հայերն Արցախը համարում են «պատմական հայկական հողեր», իսկ մենք (ադրբեջանցիները) այն համարում ենք «պատմական թյուրքական հողեր», և երկու կողմերն անկեղծորեն հավատում են իրենց առասպելի բացարձակ ճշմարտացիությանը։ Կցանկանայի ձեզ հետ կիսվել իմ հիշողություններով մի իրադարձության վերաբերյալ, որին ականատես եմ եղել և մասնակցել եմ 2008-ի օգոստոսի իրադարձություններից (ռուս-վրացական պատերազմ) հետո: Ես Անկարայում մասնակցում էի հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի: Ակնհայտ է, որ կոնֆերանսի կիզակենտրոնում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն էին։ Հակամարտության կողմերը ներկայացնող փորձագետները մեզ փորձում էին համոզել, ելնելով նրանց ազգությունից, թե Ռուսաստանի կողմից գրավված տարածքները «պատմական աբխազական», «պատմական օսական» կամ «պատմական վրացական» են։ Ելույթների մեծամասնությունը պատմական ճառեր էին։ Կյանքումս առաջին անգամ ես լսեցի շատ հետաքրքիր փաստեր պատմական Օսական պետության մասին, որ Կովկասյան լեռների անձավներում էր առաջացել, և նույն անձավներում էլ ծաղկել։ Որոշ ժամանակ անց, սակայն, ես հոգնեցի այս անվերջանալի պատմության շուրջ քննարկումներից։ Գիտե՞ք ինչու։ Ես հիշում եմ, որոշ ժամանակ առաջ սոցիալական մեդիայում հայ և ադրբեջանցի պատմաբանների միջև թեժ և զգացմունքային մի վիճաբանություն, նրանք ամենայն լրջությամբ վիճում էին Ազոխի քարանձավում գտնված կնոջ ծնոտոսկրի «էթնիկ պատկանելիության» շուրջ։ Պետք է նշեմ, որ Ազոխանտրոպը, որ ապրել է 350,000-400,000, կամ ըստ որոշ հաշվարկների 500,000 տարի առաջ համարվում է աշխարհի մարդու ամենահին մնացորդներից մեկը։

Ես մտադիր չէի կոնֆերանսին խոսելու, բայց երբ ինձ խոսք տրվեց, ես խոսեցի հայ և ադրբեջանցի պատմաբանների միջև կնոջ ծնոտոսկրի վերաբերյալ այս բանավեճերի մասին։ Պատահաբար, իմ դիմաց նստած էր հայտնի հայ քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը։ Իրար վաղուց գիտեինք։ Պարոն Իսկանդարյանը հայ քաղաքական վերլուծաբան էր, որ համեմատաբար իրատեսական դիրքորոշում ուներ Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ։ Կարճ խոսքիցս հետո ես դիմեցի նրան. «Պարոն Իսկանդարյան, քանի որ դուք բանական մարդ եք (homo sapiens), հավանաբար չեք հավակնի Ազոխի ծնոտոսկրին» Բարեբախտաբար նա չէր հավակնում։ Եթե հավակներ, միգուցե ապոկալիպսիս սկսվել…

Կատակը մի կողմ, անցնենք հարցի բնույթին։ Բանն այն է, որ իմ կարծիքով պատմական անցյալին արվող հղումը չի կարող դրական ազդեցություն թողնել հակամարտությունների կարգավորման վրա, որոնց առերեսվում ենք այսօր, զուտ միայն նրա պատճառով, որ երեկվա և այսօրվա իրողությունները տարբեր են։ Ինչ որ հասարակության այս կամ այն տարածքի հանդեպ հավակնությունները պատմությանը հղում անելով հիմնավորելը ամենաապակառուցողական ճանապարհներից մեկն է։

Ի՞նչ ասել է պատմական հայկական կամ թուրքական հող։ Նախևառաջ, փորձեք սրան նայել կրոնական տեսանկյունից։ Մարդիկ ովքեր հավատում են անվերջությանը պետք է որ իրենց հյուր համարեն այս աշխարհում։ Ինչպե՞ս կարող եք պնդել, որ այն տեղը ուր դուք այցելել եք ձերն է սկզբից մինչև վերջ։ Ինչպե՞ս եք միջամտում Արարչի գործերին։ Ես նպատակ չունեմ միջամտելու, ուստի ես երբեք խորությամբ չեմ ընկղմվում այս թեմայի մեջ։

Արցախի հանդեպ իրենց պնդումները հիմնավորելու համար հայերը առաջին հերթին հիշատակում են հնագույն աղբյուրները, մինչդեռ մենք (ադրբեջանցիները) հղում ենք անում վերջին մի քանի հարյուր տարիների պատմական փաստաթղթերին։ Հայերը պնդում են, թե ադրբեջանական թյուրքերը հայրենիք չունեցող «վայրենի քոչվորներ» են, իսկ մենք պնդում ենք, որ հայերը տարածաշրջանում հաստատվել են վերջին երկու հարյուր տարիների ընթացքում։ Ես նպատակ չունեմ պատմական ուսումնասիրություն անցկացնել։ Ես բացառապես կհիմնվեմ առողջ բանականության վրա։ Սակայն, կուզեի նշել, որ էթնիկ ռասիզմի դրսեւորումները ակնհայտ են հայերի պնդումների մեջ (թարգմանիչը չի կիսում այս պնդումը):

Հիմնվելով պատմականության սկզբունքի վրա ՝ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի բոլոր պետությունները, Հարավային Ամերիկայի պետությունների մեծ մասը, Ավստրալիան և նույնիսկ Եգիպտոսը իրավունք չունեն գոյություն ունենալ իրենց ներկայիս էթնիկական կազմով: Ոչ բրիտանացիները ոչ ֆրանսիացիները կամ լատինոները և ոչ էլ արաբները չեն կարող տարածքները, ուր ապրում են, համարել իրենց պատմական հողերը։ Այս իրողությունը բավական է ոչնչացնելու և հայերի, և ադրբեջանական թյուրքերի բոլոր պատմական փաստարկները:

Սակայն, ես կխոսեմ մի շարք երկրորդական առասպելների մասին, որ ակտիվորեն շահարկվում են հակամարտության կողմերի կողմից։ Մեր (ադրբեջանցիների) կողմից ամենաշատ օգտագործվող առասպելներից մեկն այն է, որ հայերը մեկընդմիշտ ինքնորոշվել են և հիմնադրել են Հայաստանի Հանրապետությունը, որն ինքնին ադրբեջանական հողերի վրա է հիմնադրված, և ուստի նրանք երկրորդ հայկական պետություն ստեղծելու իրավունք չունեն։ Պետք է ընդունել, որ սա շատ թույլ փաստարկ է։ Զուտ աչքի անցկացրեք թե քանի արաբական և անգլոսաքսոնյան պետություններ կան, և ես նույնիսկ չեմ էլ նշի Եվրոպայի սրտում գտնվող երկու գերմանական պետությունների մասին։ Այս ամենի հետ հանդերձ, այս փաստերը նաև ապացուցում են, որ ընդհանուր էթնիկ ծագումը և կրոնը բավարար հիմքեր չեն «միացում» շարժման համար։

Ի հավելումն, ես կասեի, որ հայերը աշխարհաքաղաքական առասպելներ են օգտագործում, Արցախի հանդեպ հավակնությունները հիմնավորելու համար։ Ըստ էության այս առասպելները հիմնված են միջազգային հանրության մոտ հայերի «տառապող ազգ» լինելու գիտակցման վրա։ Հայերը միջազգային հանրությանը ուզում են համոզել, որ իրենց ֆիզիկական գոյությունը որպես ազգ կախված է այս հակամարտության լուծումից։ Այլ կերպ ասած նրանք ամբողջ աշխարհին ուզում են համոզել, թե «այս վայրենի քոչվոր թյուրքերը վերջին հարյուրամյակում արդեն երկրորդ անգամ փորձում են բնաջնջել մեզ»: Նրանք փորձում են շահարկել «մեղքի բարդույթը», որ Արևմուտքում, և ընդհանրապես Քրիստոնեական աշխարհում առաջացել էր առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայում կատարված ողբերգական իրադարձություններից հետո։ «Դուք արդեն մի անգամ մեզ զոհաբերել եք մեզ ձեր աշխարհաքաղաքական շահերի համար, մի կրկնեք այն երկրորդ անգամ»-ն է այն ուղերձը, որ նրանք պարբերաբար գործի են դնում, արևմտյան հասարակության կարծիքը բողոքարկելիս։ Նրանք նաև օգտագործում են Իսլամաֆոբիան (թարգմանիչը չի կիսում այս պնդումը), որ Քրիստոնյա աշխարհի համար 9/11-ի իրադարձություններից հետո վտանգավոր ուղղություն է դարձել, և որ բոլոր ազգայնամոլ պոպուլիստների համար դրոշակ է դարձել։ «Մենք ենք վերջին «չինական մեծ պատը», որ պաշտպանում է Քրիստոնեական մշակութային աշխարհը մահմեդական վայրենի ագրեսիայից»-ը իրենց միջազգային քարոզչության գլխավոր կարգախոսներից է։ Պատահական չէ, որ Երկրորդ Արցախյան Պատերազմի հենց առաջին օրերից Հայաստանը Ադրբեջանին մեղադրեց ռազմական գործողություններում Մերձավոր արևելքից վարձկաններ օգտագործելու մեջ։ Ավելի վաղ նշեցի, որ այս ամբողջ մեղադրական առասպելներին նպաստում է էթնիկ և կրոնական ռասիզմի գաղափարախոսությունը։ Այստեղ կուզեի ուշադրություն հրավիրել ընդհամենը երեք կետի վրա։ Նախևառաջ, բացառությամբ Ռուսաստանի և Ֆրանսիայի, աշխարհի գերտերությունները 44 օրյա պատերազմի ընթացքում նույնիսկ հանուն իրենց արտաքին տեսքի/պատկերի (appearance) լրջորեն չընդունեցին այս մեղադրանքները։

Երկրորդը, Հայաստանը, որը ձգտում է յուղ լցնել Քրիստոնյա աշխարհում առկա Իսլամաֆոբիայի վրա, Իրանի, մի շարք Արաբական պետությունների և Մահմեդական կազմակերպությունների հետ (որոնց մի շարք արևմտյան երկրներ մեղադրել են միջազգային ահաբեկչություն ֆինանսավորելու մեջ) հաստատել է շատ ավելի սերտ հարաբերություններ քան Ադրբեջանը։

Եւ վերջապես, Հայաստանը, որ իրեն հայտարարել է Քրիստոնյա աշխարհի «չինական մեծ պատ», հաշվի չի առել հարևան Վրաստանի առկայությունը։ Վրաստանը, որ ներկայանում է որպես Ուղղափառ քրիստոնյա պետություն, ակտիվորեն համագործակցում, և փաստացի ռազմավարական դաշինքներ է կառուցում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնց Հայաստանը բնութագրում է որպես մահմեդական ծայրահեղականության աղբյուրներ։ Ի հավելումն, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում կան թյուրքական և մահմեդական համայնքներ։ Ուղղափառ քրիստոնյա վրացիները ոչ Ադրբեջանն ու Թուրքիան, և ոչ էլ Վրաստանում մեծ թյուրքական և մահմեդական համայնքները չեն դիտարկում, որպես իրենց ֆիզիկական գոյությանը սպառնալիք։

ԿԱՆՈՆՆԵՐ ՉԿԱՆ

Ամենամեծ առասպելներից մեկը, որին հակամարտության կողմերը հղում են կատարում միջազգային իրավունքի նորմերն են։ Ամեն անգամ երբ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական կամ ոչ պաշտոնական ներկայացուցիչները հղում են կատարում միջազգային իրավունքին, ես ստիպված եմ լինում ինձ ստիպել չծիծաղել, և ես վերհիշում եմ անմահ Մաշադի Իբադում հայտնի ասացվածքը. «Թե ես մեղք ունեմ, անմեղությունս է»: Մենք կարող ենք այս տրամաբանությունը կիրառել այսօր գործող միջազգային իրավունքի համակարգի վրա և լիակատար վստահությամբ ասել, որ «միակ կանոնը ցանկացած կանոնի բացակայությունն է»:

Հայտնի խոսք կա, որ դիվանագիտության մաս է կազմում շանը շոյելը, մինչև դնչկալը պատրաստ լինի։ Ասում են այս արտահայտությունը 150 տարեկան է և այսօր միջազգային հարաբերություններում ոչինչ իրապես չի փոխվել։

170 տարի առաջ Ռուսաստանն օգնեց Ավստրիական կայսրությանը ճնշել հունգարական անկախության ապստամբությունը, որից հետո մարդիկ Ռուսաստանին սկսեցին «Եվրոպայի ժանդարմ» կոչել։ Ասում են, թե արտահայտության հեղինակը հենց ինքը ռուս կայսր Նիկոլայ I-ն է։ Նա հպարտ էր Ռուսաստանի, անկախության համար պայքարող մարդկանց մորթարար լինելու հեղինակությամբ։ Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի `Նիկոլայ I-ի իրավահաջորդի արտաքին քաղաքականությունը ինչ որ կերպ տարբերվու՞մ է իր նախորդի քաղաքականությունից: Փաստացի մենք թույլ ենք տվել այն ռուսական բանակին, որին դժվարությամբ էինք համոզել դուրս գալ մեր երկրից, վերադառնալ Ադրբեջան։ Եւ մենք դա արել ենք պատրաստակամորեն:

Ինձ կասեն, որ սա 21-րդ դարն է, ոչ թե 19-րդ, որ կան միջազգային իրավունքի նորմեր։ Ռուսաստանն այլևս չի կարող անկախություն ցանկացող մարդկանց դեմ կատաղած շան պես գործել։ Նայեք Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային։ Գոյություն ունեցող բոլոր միջազգային իրավունքների խախտմամբ, Ռուսաստանը գրավել է Աբխազիան և Հարավային Օսեթիան, ճանաչել անկախությունը, իրեն է բռնակցել Ղրիմը, և անամոթաբար հրաժարվում է իր զորքերը դուրս բերել Մոլդովայից, չնայած Մոլդովայի պահանջներին։ Ռուսաստանն իրեն համարում է հետխորհրդային տարածքի ժանդարմը։

Հիմնական բանը, որը թույլ է տալիս Ռուսաստանին այսպես անամոթաբար վարվել, միջազգային հարաբերությունները կարգավորող որևէ հրամայական կանոնների բացակայություն է (վարքի հատուկ կանոններ պետք է սահմանվեն և կիրառվեն): Վերհիշե՜ք միջազգային իրավունքի այն նորմերը, որոնք կողմերը հիշատակում են կապելով Արցախյան հակամարտության հետ։ Ադրբեջանը փորձում է ապացուցել տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը, Հայաստանը փորձում է ապացուցել ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունը։ Փաստացի, մեզ դուր գա դա, թե ոչ, այս երկու սկզբունքներից ոչ մեկը չէ ՝ որպես իրավական նորմ կամ միջազգային հարաբերությունները կարգավորող ընդհանուր ընդունված կանոն: Եթե տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա լիներ, անցած դարի կեսերին` համաշխարհային գաղութացման համակարգի փլուզումից հետո, վերջին 30-40 տարիների ընթացքում Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում տասնյակ նորանկախ պետություններ չէին հիմնադրվի։

Սակայն Հայաստանն ինքնին շատ լավ հասկանում և ընդունում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա նորմ չէ կամ էլ գործնականում ընդունված կանոն։ Հակառակ դեպքում, Հայաստանն արդեն շուտվանից ճանաչած կլիներ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որին կհետևեին Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության և Կոսովոյի անկախությունները, ինչպես նաև Ղրիմի բռնակցմանը։

Ցավոք սրտի միայն մի կանոն կա, որ կարող է կարգավորել միջազգային հարաբերությունների ցանկացած խնդիր, և այն հիմնված չէ որևէ օրինական նորմի վրա։ Եթե ՄԱԿ անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների շահերը համընկնեն, ցանկացած խնդիր կարող է լուծվել։ Այդ դեպքում նրանք հակամարտող կողմերին կարող են ստիպել ընդունել ցանկացած միջազգային իրավունքի նորմի գերակայություն։ Սակայն վերջերս նրանց շահերը գրեթե երբեք չեն համընկնում։ Մնացած բոլոր դեպքերում, հակամարտությունների դրությունը փոփոխվում է ելնելով ներկա ժամանակաշրջանի առաջնային ուժային կենտրոնների շահերով, և այն կարողություններով ու ռեսուրսով, որ նրանք կարող են հատկացնել հիմնախնդրի կարգավորման համար։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր ոք, ով կարողություն ունի, փորձում է ձեռք բերել կարկանդակի իր կտորը:

Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այս ամենի հետ կապված մի տեսակետի վրա։ Նույնիսկ առանձին վերցրած առաջատար ուժային կենտրոններում չկա միացյալ մոտեցում նման խնդիրների լուծման հարցում։ Չնայած այն փաստին, որ արևմտյան տերությունների մեծամասնությունը ճանաչում է Կոսովոյի անկախությունը, Եվրոպական միության մի քանի անդամ այն անընդունելի են համարել։ Այս երկրները չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը, որովհետև նրանք ճանաչում են տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը, բայց միայն այն պատճառով, որ նրանք նույնպես գործ ունեն անջատողական շարժումների հետ:

Ես կարող եմ մեկ այլ օրինակ բերել։ Եվրոպական միությունը, որը Կոսովոյի անկախության վերաբերյալ միացյալ դիրքորոշում չունի, աներկդիմի աջակցեց Իսպանիայի կառավարությանը, կատալանյան անջատողականների դեմ իրենց պայքարում։

Մինչ 44 օրյա պատերազմը Արցախը միակ հակամարտությունն էր հետխորհրդային տարածքում ուր Մոսկվան ուղղակիորեն ներգրավված չէր և չէր կարող միայնակ ձեռքի տակ պահել իրադրությունը, հիմնականում այն պատճառով, որ հակամարտության տարածքում ռուսական ուժեր տեղակայված չէին։ Այսօր, Ռուսաստանն ունի կարգուկանոնը անկախորեն կառավարելու հնարավորություն գոնե Արցախյան հակամարտության հիմիկվա դրությամբ։ Ճշգրտելու համար ասեմ, որ մենք տվեցինք այս հնարավորությունը Ռուսաստանին։ Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը չի ուզում տեսնել որևէ այլ պետության, այդ թվում Թուրքիային, որպես գործընկեր։

Մենք հիմա ներգրավված ենք մի նոր առասպելի ստեղծման գործընթացում։ Մենք (ադրբեջանցիները) պնդում ենք, թե Արցախյան հիմնախնդիրն ավարտվել է, թեման փակվել է, և տարածքի կարգավիճակի հարցը «դիակ» է։ Մենք փորձում ենք ինքներս մեզ և այլոց համոզել այս առասպելի ճշմարտացիության մեջ։ Փաստը, որ հաշտության պայմանագիր չկա և որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն համաձայնվում այս նոր առասպելի հետ, լուրջ խնդիր չէ։ Վտանգավոր է այն, որ երաշխիք չկա, որ այս նոր առասպելը, որը պաշտոնական Բաքուն խթանում է, հասարակության մոտ վերջնական և բացարձակ հաղթանակի տպավորություն տեսիլք ստեղծելու համար, կիրականանա։ Սա շատ լուրջ վտանգ է։

Չնայած ոչ պաշտոնապես, բայց փորձագետները օր ու գիշեր աշխատում են մեկ այլ առասպելի ստեղծման վրա։ Փաշինյանի իշխանության մնալը բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ շատ հավանական է, որ թույլ Փաշինյանը կգնա զիջումների։ Դրա մեջ ողջամիտ հավանականություն կա, բայց ես հռետորական հարց ունեմ. Մեր իսկ համաձայնությամբ Արցախում ռուսական զորքերի տեղակայումից հետո, երբ Մոսկվան ունի հակամարտության լուծումն անձամբ մոդերացնելու կարողություն, ու՞մ հետ պետք է Փաշինյանը զիջումների գնա` Պուտինի թե՞ Ալիևի։ Սրան հետևում են այլ ոչ հռետորական հարցեր. Ի՞նչ է Պուտինը պահանջելու Ալիևից Փաշինյանի զիջումների դիմաց։ Որքանո՞վ են այդ պահանջները համընկնելու Ադրբեջանի շահերի հետ։ Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանալին հանձնել ենք Պուտինյան Ռուսաստանին, առնվազն տեսանելի ապագայի համար։ Ինչ էլ որ լինի մոտ ապագայում, նախևառաջ բխելու է Ռուսաստանի շահերից։

Ըստ Նիցշեի, մարդիկ ապրում և աշխատում են ոչ թե ապագայի համար, այլ որպեսզի պաշտպանեն իրենց անցյալը։ Ալիևն, փաստացի, այս սկզբունքով է ապրում։ Նա հաշվի չի առնում, որ 44 օրյա պատերազմի արդյունքները արդեն իսկ երեկվա իրողություն են։ Այսօրվա և վաղվա իրողությունները ոչ թե որոշվելու են Ալիևի ցանկություններով և այն առասպելներով, որոնք նա կերակրում է իր ժողովրդին, այլ Ռուսաստանի ռազմական և քաղաքական ներկայությամբ Արցախում։ Մարդկանց համոզելով այնպիսի առասպելների մեջ, որոնք դժվար իրականանան, Ադրբեջանի նախագահը կարող է կրկնել այն նույն սխալը, որին զոհ գնաց Փաշինյանը։ 1994 թվականի զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո, հայ ժողովուրդը բացարձակապես վստահ էր «Արցախյան հիմնախնդիրը արդեն լուծված է» առասպելի ճշմարտացիության մեջ։ Ուստի քաղաքական ղեկավարները չէին կարող նույնիսկ քննարկել ցանկացած հաշտության տարբերակ, որը չէր համընկնում այս առասպելի ակնկալիքների հետ։ Ըստ 19-րդ դարի մեծագույն դիվանագետներից մեկի, Շառլ-Մորիս Թալեյրանի քաղաքական գործիչը պետք է ժողովրդին այնպես գրգռի, որ նրանց օգտագործի այնպես ինչպես ուզում է, սակայն իրական քաղաքական գործիչը չպետք է դառնա հասարակությանը ոգևորության զոհը։ Այդ ճանապարհը և քաղաքական գործչին և ժողովրդին տանում է դեպի անդունդ։ Այլ բառերով ասած, հանրային ոգևորությունը զսպելը պարտադիր է։ Ալիևի այն պնդումը, որ «Արցախյան հակամարտությունը արդեն լուծված է» շատ վտանգավոր է, քանի որ այն չի արտացոլում այն իրականությունը, որին կարող ենք առերեսվել վաղը։ Փաստացի, այս իրականության հավանական ուրվագծերը որոշվելու են, ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի կողմից, այլ Ռուսաստանի։ Գոնե մոտ ապագայում…

Կարճ ասած, մոտ ապագայում մենք կառերեսվենք «ազատ մարտի» մրցումների, Պուտինյան Ռուսաստանի կողմից սահմանված բոլոր կանոններով։ Հարցը կայանում է նրանում, թե արդյոք կկարողանանք ազատել մեզ (Ադրբեջանը, ադրբեջանցիներին) Ռուսաստանի ճանկերից: Այո՜, դա հավանական է, եթե Ռուսաստանը խայտառակ պարտություն կրի ինչ որ նոր Ղրիմյան պատերազմում, ինչպես 19-րդ դարի կեսերին։ Այդ դեպքում Մոսկվան կկորցնի որպես հետխորհրդային շրջանում միակ տիրակալ գործելու կարողությունն ու ցանկությունը, ի տարբերություն 90-ականների։

Այդ նոր իրականությունն իր հետ կուղեկցի նաև խաղի նոր կանոններ…

Թարգմանությունը Արեգ Սերոբյանի

Զգուշացում: Հոդվածում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են հոդվածի հեղինակին, և անպայման չէ, որ արտացոլեն թարգմանչի տեսակետը։

Մեկնաբանի՛ր...

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.