Posted in Հայոց Լեզու, Հասարակագիտություն, Հոդվածներ, Մայրենի, Պատմություն, Պատումներ, Վերլուծություններ, Քաղաքագիտական ակումբ, ես գիտեմ..., նյութեր, Իրավագիտություն

Վերլուծություն | Նիցշե և առասպելներ Ղարաբաղի մասին — մենք առերեսվում ենք ազատ մարտի մրցումների` Մոսկվայի սահմանած կանոններով | Ռաուֆ Միրգադիրով

Օրեր առաջ թարգմանել էի Բաքվի հետազոտությունների կենտրոնի հրապարակած հոդվածը: Այսօր առանձնացրել եմ հեղինակ Ռաուֆ Միրգադիրովի հոդվածում տեղ գտած մտքերից։

Հոդվածի սկզբում հեղինակը հիշատակում է Դոստոևսկու Դևեր վեպից մի հատված, ուր կերպարներից մեկը պնդում է, որ ոչ մի իրական ճշմարտություն ճշմարտանման չէ, և որ այն ճշմարտանման դարձնելու համար պետք է մի փոքր խեղաթյուրել այն։ Սրա հանդեպ առարկություններ չունեմ։

Խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի ելքի, և Ադրբեջանի նախագահի, դրանից բխող, հայտարարությունների մասին, հեղինակը նշում է, որ դրանց կարծրացումը չափազանց վտանգավոր է, և որ ԱՀ նախագահը ոչ մի երաշխիք չունի, որ այդ պնդումները եթե ոչ հիմա, ապա երբևիցե կիրականանան։ Բնականաբար կիսում եմ հեղինակի այս համոզմունքները, սակայն ի տարբերություն հեղինակի, դա ադրբեջանական իշխանություններին զգուշացնելու կարիք չեմ տեսնում, քանի որ նրանց համարում եմ իմ և ՀՀ-ի թշնամիների։

Հեղինակը կտրականապես ժխտելով բացարձակ ճշմարտության կամ բացարձակ արդարության գաղափարը, առաջ է քաշում հակադիր ճշմարտությունների գաղափարը։ Այստեղ շատ եմ ուզում մեջբերել հեղինակի հետևյալ միտքը, որը շատ իրատեսական եմ համարում`

«Եթե իսկապես գոյություն ունենար բացարձակ ճշմարտություն, մարդկային տեսակը վաղուց արդեն գտել էր զարգացման ճանապարհ առանց կոնֆլիկտների։»

Միրգադիրովի պնդմամբ մանավանդ հակամարտության կողմերի համար ճշմարտությունից շատ ավելի կարևոր է նրանց ստեղծած հեքիաթները, լեգենդներն ու առասպելները։ Ըստ իս, էթնիկ կամ կրոնական հողի վրա հարաբեըությունների լարվածությունը կամ բացահայտ թշնամությունը ամենավառ ապացույցն է, որ նույնիսկ եթե կա բացարձակ ճշմարտություն, ապա մարդկությանը բախտ չի վիճակվել հայտնաբերել այն։

Հետևյալ միտքը հոդվածի այն մտքերից է, որոնց հետ ուղղակի չեմ կարող համաձայնվել։

«Բանն այն է, որ իմ կարծիքով պատմական անցյալին արվող հղումը չի կարող դրական ազդեցություն թողնել հակամարտությունների կարգավորման վրա, որոնց առերեսվում ենք այսօր, զուտ միայն նրա պատճառով, որ երեկվա և այսօրվա իրողությունները տարբեր են։ Ինչ որ հասարակության այս կամ այն տարածքի հանդեպ հավակնությունները պատմությանը հղում անելով հիմնավորելը ամենաապակառուցողական ճանապարհներից մեկն է։

Ի՞նչ ասել է պատմական հայկական կամ թուրքական հող։ Նախևառաջ, փորձեք սրան նայել կրոնական տեսանկյունից։ Մարդիկ ովքեր հավատում են անվերջությանը պետք է որ իրենց հյուր համարեն այս աշխարհում։ Ինչպե՞ս կարող եք պնդել, որ այն տեղը ուր դուք այցելել եք ձերն է սկզբից մինչև վերջ։ Ինչպե՞ս եք միջամտում Արարչի գործերին։ Ես նպատակ չունեմ միջամտելու, ուստի ես երբեք խորությամբ չեմ ընկղմվում այս թեմայի մեջ։»

Ի սկզբանե նշեմ, որ ես նույնպես կարծում եմ, որ այսպես կոչված պատմական արդարությունը չի կարող ազդեցություն ունենալ գերտերությունների որոշումների վրա, ինձ համար մեկ այլ բան է խնդրահարույց այստեղ։ Ակնհայտ է, որ Ռաուֆ Միրգադիրովը խելացի և վերլուծական մտքով օժտված մարդ է, սակայն այստեղ նա միտումնավոր կամ պատահմամբ սխալ «հաշվարկ» է կատարել։ Նախ եկեք հասկանանք, թե ինչու ենք փորձում պատմական հիշատակումներ անել։ Հայերի համար կարևոր է ապացուցել բնիկությունը Արցախի տարածքում, չնայած որ ադրբեջանցիները նույնպես այդ նպատակն են հետապնդում, նրանք իրենց փաստարկներում ավելի կարևորում են, վերջին մի քանի հարյուր տարիների որևէ ժամանակաշրջանում այս կամ այն տարածքում մեծամասնություն կազմելը։ Միրգադիրովը, որը լավ գիտակցում է, որ Արցախում ադրբեջանցիների բնիկությունը ապացուցելու, կամ առնվազն ադրբեջանցիների և կովկասյան ալբանացիների սերտ կապը ապացուցելու գործընթացը լի է խեղաթյուրված փաստարկներով, նախընտրել է մանիպուլացնել ընթերցողին և իջեցնել պատմական արդարության արժեքը։ Համաձայն եմ նրա այն մտքի հետ, որ այսօրվա իրողությունները տարբեր են, յոթ շրջաններում ադրբեջանական բնակչությունը ընդհանուր մեծամասնություն էր կազմում մինչև դրանց գրավումը, սակայն դա ամենևին չի ազդում ԼՂԻՄ բնիկ հայերի ինքնորոշվելու պահանջի վրա։ Միայն նրա պատճառով, որ Գանձակում հայկական խաչքարներ կան, չենք կարող քշել տեղի ներկայիս ադրբեջանցի բնակչությանը, սակայն եթե Գանձակում ադրբեջանցիներին հավասար հայեր ապրեին, և որոշվեր թե ում է պատկանում քաղաքը, խաչքարների գոյությունը կարևոր կլիներ։ Մեջբերածս հատվածի վերջին տողերում հեղինակը հղում է կատարում կրոնական հավատալիքներին, որով վերջնականապես փորձում է ապացուցել և օրինականացնել իր այն միտքը, որ պատմական անցյալն արժեք չունի։ Այո` միգուցե ԵԱՀԿ Մինսկի խմբի սեղանին այն ոչինչ է, բայց երկու ազգերի ճշմարտությունների հարաբերությունների մեջ այն կարող է մեծ դեր խաղալ։

Երբ Ռաուֆը խոսում է երկու ազգերի ստեղծած առասպելների և հեքիաթների մասին, նա նշում է թե` «…էթնիկ ռասիզմի դրսեւորումները ակնհայտ են հայերի պնդումների մեջ»։ Հետաքրքիր է, բայց ես նրան չեմ դատապարտում խեղաթյուրված լինելու և հայատյացության մեջ։ Կարծում եմ, որ նա այստեղ իր “տուրքն է մատուցել» ադրբեջանական հայատյաց հասարակությանը։ Խոսելով ադրբեջանցի ժողովրդի համար շատ անընդունելի լեզվով, մատնանշելով նրանց սխալները, նա ուղղակի չէր կարող որևէ ականջին հաճելի միտք չհայտնել հոդվածում։ Չեմ բացառում, որ նա հենց այդպես էլ կարծում է, բայց դե ինչ արած🤷🏻‍♂️

Ադրբեջանական կողմի, իր բառերով, այն առասպելը, որ հայերը մեկընդմիշտ արդեն ինքնորոշվել են ՀՀ սահմաններում, որն ինքնին ադրբեջանական պատմական տարածք է, Միրգադիրովը թույլ փաստարկ է անվանում, և մատնանշում է շատ երկրներ, որոնք իրարից անկախ են, սակայն ունեն նույն էթնիկ/մշակութային մեծամասնությունը (Ավստրիա-Գերմանիա, Անգլոսաքսոնյան պետություններ, Լատինամերիկա): Միևնույն ժամանակ նա նշում է` ընդհանուր կրոնը և ազգությունը բավարար հիմքեր չեն «միացում» շարժման համար։ Եթե կրոնն ու ազգությունը չեն այդ հիմքերը, ապա իրոք չգիտեմ, թե այլ ինչ ձևով է նա տեսնում անկախության կամ միացման համար պայքարները։

Ըստ Միրգադիրովի, հայերի գլխավոր թեզերից են «բարբարոս թուրքերը մեզ կրկին ուզում են բնաջնջել», «մեր ֆիզիկական գոյությունը կախված է ԼՂ հակամարտության լուծումից», «մենք ենք քրիստոնյա աշխարհի վերջին չինական պատը»։ Անձամբ կիսում եմ առաջին երկու «առասպելների» պնդումները։ Ոչ բառացի, բայց ադրբեջանա-թուրքական ռազմաքաղաքական դաշինքը հեռահար նպատակներ ունի հայերի բնաջնջման վերաբերյալ։ Պանթուրքիզմը իւ վերջնանպատակին կարող է հասնել հայկական պետության ինքնուրույնության ջախջախմամբ կամ հայերի ամբողջովին բնաջնջմամբ։ Հեղինակը հայերին` մասնավորապես ՀՀ ղեկավարություններին և հայկական լոբբիին մեղադրում է արևմտյան աշխարհում առկա Իսլամաֆոբիան ի շահ մեզ օգտագործելու համար։ Գաղափար չունեմ, թե Ռաուֆը որտեղ է տեսել նման դրսևորումներ։ Ինքս տեսել եմ Հայ Դատի որոշ պաստառներ, ուր մեծ նշանակություն է տրվում հայերի քրիստոնյա լինելուն, հուսամ Ռաուֆը սա Իսլամաֆոբիա չի որակել։ Այո, 44 օրյա պատերազմի ընթացքում կար մարդկանց մի փոքր զանգված, որ Իսլամաֆոբ արտահայտություններով էին հանդես գալիս սոցիալական ցանցերում, բայց դա այնքան քիչ էր հանդիպում, որ նույնիսկ այդ ամենը հատ առ հատ կարդալու դեպքում, անհնար էր պնդել, որ դրանք մեծ տեղ ունեն հայկական մեդիահամայնքում։ Միրգադիրովը հիշատակում է հայերի և Հայաստանի սերտ հարաբերությունները շատ մահմեդական երկրների և կազմակերպությունների հետ, ակնարկելով, որ մենք հակասում ենք ինքներս մեզ։ Ինձ թվում է, որ նա չի նկատել, որ այդ ձևով, ինքն իրեն է հակասում, մի կողմից հայերին մեղադրում է Իսլամաֆոբ լինելու մեջ, մյուս կողմից հիշատակում մեր սերտ հարաբերությունները մահմեդական համայնքների հետ։ «Մենք ենք մահմեդական տարածապաշտության դեմ վերջին չինական պատը դեպի քրիստոնյա աշխարհ»-ի փոխարեն, ես կասեի, որ հայերը օգտագործում են հետևյալ թեզը «Մենք այժմ պայքարում ենք պանթուրքիզմի/նեո-օսմանիզմի մեզնից անդին տարածվելու տարածապաշտության դեմ»: Նույնիսկ եթե հայկական դիրքորոշման մեջ կան ռասիզմի նշույլներ, դրանք ամենաշատը կարող են ուղղված լինել թյուրքական աշխարհին, այլ ոչ թե մահմեդական հանրությանը։

«Բարբարոս քոչվոր թյուրքերը երկրորդ անգամ ուզում են մեզ բնաջնջել, դուք արդեն մի անգամ մեզ զոհաբերել եք ձեր աշխարհաքաղաքական շահերի համար, մի կրկնեք այն երկրորդ անգամ» առասպելին Միրգադիրովը հետաքրքիր հեգնանքով է մոտենում։ Տպավորություն է, որ նա չի ժխտում ցեղասպանությունը, սակայն ժխտում է դրա կրկնվելու հավանականությունը (գուցե գիտակցում, բայց չի ընդունում): Փաստը, որ ցեղասպանության փոխարեն նա օգտագործել էր «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններ» եզրույթը, արդեն ակնհայտ է դարձնում նրա ոչ պատշաճ վերաբերմունքը պատմական իրողությանը։ Ինչպես գիտեք ոչ պատշաճ վերաբերմունքը թույլ չի տալիս կանխել ապագա ոճիրները, որովհետև ժխտումը ցեղասպանության իրագործման վերջին փուլն է։ Այս ամենը տեսանելի է 20-րդ դարի և մեր ժամանակներում անպատիժ մնացած օրինակներում, շատ ենք լսել այն միտքը, որ եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր, դժվար թե ականատես լինեինք հրեաների, Ռուանդայի, եզդիների և ռոհինջաների ցեղասպանություններին։

Քանի ժխտելուց ենք խոսում, պարոն Միրգադիրովը ժխտում է նաև սիրիական վարձկանների ներկայությունը Արցախյան երկրորդ պատերազմում։ Շարունակելով իր այն մեղադրանքը, որ հայերը շահարկում են Իսլամաֆոբիան իրենց շահերի համար, նա պնդում էր, որ հայերի սիրիական վարձկանների մասին տարածած տեղեկատվությունը Քրիստոնյա աշխարհին գրգռելու համար էր։ Նա հայերին կրկին մեղադրում էր էթնիկ և կրոնական ռասիզմի դրսևորումների համար։ Ըստ նրա ՌԴ-ից և Ֆրանսիայից բացի ոչ մեկ լուրջ չընդունեց այս մեղադրանքները։ Այստեղ կրկին երկու տարբերակ կա.

1. Ռաուֆ Միրգադիրովը տեղյակ չէ հարյուրավոր մեդիա արտահոսած լուսանկարներից, վարձկանների ընտանիքների անդամների հետ հարցազրույցներից։ Նա տեղյակ չէ, որ և Իրանը, և ԱՄՆ Պենտագոնը, ԵՄ-ն, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ընդունել են «Սիրիական ազգային բանակ» ծայրահեղական խմբավորման ներկայությունը Արցախում։

2. Ռաուֆ Միրգադիրովը տեղյակ է վերոհիշյալ ամենից, սակայն նախընտրել է արհամարհել դրանք։

Ըստ նրա Հայաստանը այս ամբողջ, իր լեզվով` առասպելները ստեղծելիս հաշվի չի առել մի փաստ։ Այն է, որ Վրաստանը, որպես ուղղափառ եկեղեցու հետևորդ պետություն, ունի ռազմավարական նշանակության հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ունի մահմեդական և թյուրքական համայնքներ, և դրանք իր ֆիզիկական գոյությանը սպառնալիք չի համարում։ Այստեղ նույնպես, նա փորձում է մանիպուլացնել ընթերցողին։ Չնայած քրիստոնյա լինելուն հայերի և վրացիների հարաբերությունները թյուրքերի և թյուրքական երկու պետությունների հետ արմատապես տարբեր են։ Վրացիները կանգնած չեն երկու պետությունների միջև, նրանք չեն խանգարում թուրք-ադրբեջանական դաշինքին։ Վրացիները նախընտրել են անտեսել անցյալում նրանց հանդեպ բռնությունները (հավանաբար այն պատճառով, որ չեն կարծում թե կարող է կրկնվել), հայերը որոշել են պահանջատեր լինել։ Եթե պարոն Միրգադիրովը հայերին մեղադրում է պահանջատեր լինելու մեջ, նա հայերին ուղղակիորեն մեղադրում է ինքնապաշտպանության համար։ Եւ ի վերջո, եթե վրացիները թուրքական համայնքը իրենց ֆիզիկական գոյությանը սպառնալիք չեն դիտարկում, դեռևս չի նշանակում, որ թուրքական համայնքը սպառնալիք չէ։ Դա նաև չի նշանակում, որ եթե Հայաստանում նույնպես թուրքական համայնք լիներ, այն իրենից վտանգ չէր ներկայացնելու։

Հոդվածագիրը նաև կարծում է, որ եթե Հայաստանը ընդուներ ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունը, արդեն ճանաչած կլիներ մի շարք ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, նախևառաջ Արցախինը։ Մեծ առարկություններ չունեմ այս փաստարկի դեմ, սակայն կուզեի նշել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունը ընդունելը չի ենթադրում բոլոր անջատողական շարժումների սատարում։ Առաջին հայացքից Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունը ստեղծվել է ինքնորոշման իրավունքի հիման վրա, սակայն եկեք չմոռանանք, որ Կիպրոսի կղզում բնիկ ազգություն են համարվում կիպրական հույները, և նրանք դեռևս այնտեղ են` ապրում են կղզու հարավում։ Կարծում եմ, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման մեջ շատ կարևոր է պատմական անցյալը։ Օրինակ եթե հույները դեռ բնակվում են կղզում, տեղի թուրքերը հյուր են տվյալ երկրում։ Այս ամենով հանդերձ, ակնհայտ է, որ օրինակ Իրաքի և Սիրիայի տարածքի բնակչության 1% կազմող ասորիները, Եգիպտական ղպտիները չեն կարող և ի վիճակի չեն դուրս քշել տեղի մեծամասնություն կազմող արաբ բնակչությանը։ Հավատացած եմ, որ արաբները պարտավոր են արժանապատիվ պայմաններ ստեղծել բնիկ ժողովուրդների և նրանց մշակույթի համար։

Ըստ հեղինակի, ԼՂ հարցի լուծման գործընթացում կապ չունի թե ով է ՀՀ իշխանության ղեկին, նա պնդում է, որ միայն Ռուսաստանն է որոշում հարցի վերջնական լուծումը։ Միգուցե այդպես էլ կա, սակայն վստահ եմ, որ ՀՀ իշխանության փոփոխությունը հավանական է, որ բեկումնային ազդեցություն ունենա ՌԴ գործողությունների վրա։

Հոդվածի ամենավերջին հատվածում Միրգադիրովը արտահայտում է ՌԴ իշխանությունների հանդեպ իր ամբողջ նողկանքը։ Նա ՌԴ-ին մեղադրում է օկուպացիայի մեջ, համեմատում գազազած շան և մարդկանց մորթարարի հետ։ Նա ՌԴ-ի գերիշխանության տապալման տարբերակ համարում է Ղրիմյան նոր պատերազմը, որով Ադրբեջանը կազատվի Ռուսաստանի ճանկերից։ Ամենի հիմքում նա դնում է ռուսական կայսերական քաղաքականության հետ իր պայքարը, Ռուսաստանին մեղադրում հանցագործությունների մեջ, բայց հետաքրքիր է, որ հաշվի չի առնում, որ եթե Ղրիմյան պատերազմում ՌԴ-ն պարտություն կրի, մեկ այլ տերություն է ստանձնելու Ռուսաստանի դերը։ Ամենայն հավանականությամբ, այդ նոր գերտերությունը տարածաշրջանում վարելու է գրեթե նույնպիսի քաղաքականություն, ինչ ՌԴ-ն կվարեր։ Ստացվում է, որ Միրգադիրովի պայքարը ոչ թե կայսերականության կամ շովինիզմի դեմ էր, այլ հենց ռուսական կայսերականության և ռուսական շովինիզմի։

Մեկնաբանի՛ր...

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.